Հայաստան Հավաքականներ

Արթուր Պետրոսյան. Հայաստանում Դանիային երբեք հեշտ չի եղել

Սեպտեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

 

-Արտակ, ընդամենը երեք օր ընդմիջումից հետո կրկին հանդիպում եք անցկացնելու: Ինչպիսի՞ն է ֆուտբոլիստների վիճակը, հասցրե՞լ եք վերականգնվել:

-Փորձել ենք առավելագույնս վերականգնվենք, որպեսզի կարողանանք լավ հանդիպում անցկացնել Դանիայի դեմ:

Արտակ, առաջնությունում բավական ագրեսիվ և արդյունավետ եք խաղում, իսկ նույնը չես ասի հավաքականի կազմում անցկացրած խաղերի ժամանակ: Պատճառը մարզչի նման որոշո՞ւմն է, թե՞ մրցակից ֆուտբոլիստների որակը:

-Հայաստանի առաջնությունը չի կարելի համեմատել նման մակարդակի խաղերի հետ: Բացի դրանից, հավաքականում և ակումբում տարբեր դիրքերում եմ խաղում։ Չեմ կարծում, թե տարբերություն կա, քանի որ ամեն խաղին էլ փորձում եմ առավելագույնս ներդնել ուժերս:

-Պարոն Պետրոսյան, ցավալի պարտություն կրեցինք մի քանի օր առաջ, վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: Խաղից հետո նշել էիք, որ մենք արժանի էինք ոչ-ոքիի: Վաղը ինչի՞ համար ենք խաղալու:

-Հաղթանակի համար:

-Ի՞նչ տվեց մեզ պաշտպանությունում փորձարկումը՝ երեք պաշտպան կենտրոնում և երկուսը եզրերում: Հաշվի առնելով նաև Տարոն Ոսկանյանի որակազրկումը՝ ինչպե՞ս եք դա փոխհատուցելու:

-Իմ կարծիքով մինչև կարմիր քարտը մենք կարողանում էինք և լավ պաշտպանվել, և լավ գրոհներ կազմակերպել: Կարմիր քարտից հետո արդեն մենք փոխեցինք մեր խաղային մարտավարությունը և սկսեցինք խաղալ չորս պաշտպանով: Ինչ վերաբերում է Տարոն Ոսկանյանին, ապա, իհարկե, դա մեծ հարված է մեզ համար, մանավանդ որ Հրայր Մկոյանը նույնպես բացակայում է: Պաշտպանների պակաս ունենք, բայց կփորձենք լուծում գտնել:

-Ցավոք, առաջին անգամը չէ, որ հավաքականը վերջին րոպեներին գոլ է բաց թողնում: Ռումինիայի խաղից հետո դուք նշել էիք, որ պատճառը թիմի հոգնածությունն էր: Ի՞նչ է պետք անել այդ գնդակներից խուսափելու համար:

-Մոտավորապես 40 րոպե խաղում էինք տաս հոգով, և մրցակիցը անընդհատ ճնշում էր մեզ: Եթե հիշում եք, ես խաղի մեջ նոր պաշտպաններ չմտցրի, այլ հարձակվողներ դուրս բերեցի խաղադաշտ, քանի որ թիմին ուզում էի ցույց տալ, որ անգամ տասը հոգով մենք չենք դուրս եկել դաշտ ամբողջ կազմով պաշտպանվելու: Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ թիմը հասկանա, որ թեկուզ տասը հոգով մենք դեռ շանսեր ունենք: Այդուհանդերձ, վերջին րոպեների գնդակներն իմ կարծիքով հոգեբանական հարց է: Ամեն կերպ փորձում ես պահել ունեցածդ, մի պահ չես հասցնում և հակառակորդը խփում է այդ գնդակը:

-Ձեր գլխավորությամբ առաջին անգամ հավաքականի կազմում տեսանք Գրիգոր Մելիքսեթյանին և Սարգիս Ադամյանին: Շատ ակտիվ խաղ անցակցրեց նաև Տիգրան Բարսեղյանը։ Կխոսե”ք մի փոքր նրանց մասին:

-Գրիգոր Մելիքսեթյանը շատ բարձր մակարդակի խաղ անցկացրեց, բայց դա մի խաղ էր, հուսամ՝ նույն ձև կշարունակի: Տիգրանը մեծ ծավալի աշխատանք տարավ, ու եթե մենք հնարավորություն ունենայինք ևս մեկ փոխարինում անցկացնելու, ապա Տիգրանին կփոխարինեինք: Սարգիս Ադամյանն էլ իմ կարծիքով կարող է մեր թիմին օգնել: Ես նայում եմ նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները երկրորդ Բունդեսլիգայում: Իր թիմում նա այլ դիրքում է հանդես գալիս, բայց իր՝ դաշտում անցկացրած 20 րոպեների ընթացքում նա լավ խաղաց: Կարծում եմ՝ նա մեզ հետագայում շատ կօգնի:

-Որքանո՞վ զգացվեց որակազրկված Արտակ Գրիգորյանի բացակայությունը Ռումինիայի դեմ խաղում:

-Նա այս պահին իր կատարած աշխատանքի և նվիրվածության շնորհիվ շատ մեծ ուժ է մեզ համար: Ունեինք երկու խաղացող, ովքեր շանս էին ստացել այդ դիրքում խաղալու և իմ կարծիքով վատ չխաղացին:

-Նշեցիք, որ պաշտպանությունում խնդիրներ ունենք: Ի՞նչ վիճակում է Գաել Անդոնյանը, եթե նա պատրաստ է խաղալու, ապա ինչու՞ չխաղաց Ռումինիայի դեմ խաղում:

-Գաելը երկար ժամանակ չի խաղացել, իսկ հիմա մի շաբաթ մեզ հետ մարզվեց: Եթե մենք այդ դիրքում խնդիրներ չունենայինք` նա չէր խաղա, բայց հիմա կարելի է այդ մասին մտածել:

Նշեցիք, որ Գոռ Մալաքյանի փոխարինումն առողջական խնդիրների հետ էր կապված: Ի՞նչվիճակում է նա:

-Գոռը մկանային խնդիրներ ուներ, դրա համար էլ փոխարինվեց: Իմ կարծիքով նա չի հասցնի վերականգնվել:

-Բնականաբար, հավաքականի ամենաքննարկվող ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Նախորդ մարզիչներին մեղադրում էին նրան սխալ դիրքում օգտագործելու մեջ: Հիմա կարծես նա իր տեղում է, բայց, այնուամենայնիվ, չի արդարացնում երկրպագուների սպասելիքները: Կխնդրենք մեկնաբանել:

Հենրիխը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք տարավ, և եթե նայեք վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ նա ամենաշատն է աշխատել և վազել: Բնականաբար, ամեն խաղում մենք նրանից սպասում ենք երեք գոլային փոխանցում և երկու գոլ, բայց սա թիմային խաղ է. Հենրիխը պիտի թիմին օգնի, իսկ թիմը՝ նրան:

-Պարոն Պետրոսյան, Ռումինիայի դեմ խաղում փորձում էինք դրվագներով բարձր պրեսինգով խաղալ: Ինչքանո՞վ ենք պատրաստ մենք նման խաղ ցուցադրել նաև Դանիայի դեմ:

Հիմա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ խաղից հետո երկրորդ օրը ամենածանրն է: Թիմը հոգեբանորեն վերականգվել է ծանր պարտությունից հետո, բայց ֆիզիկական առումով` դեռ չգիտեմ: Վաղը կորոշենք, թե թիմը ինչ մարտավությամբ կխաղա:

-Վաղվա խաղում Դանիայի մոտիվացիան, բնականաբար, շատավելի մեծ է լինելու: Ի՞նչ խոսքեր եք գտնելու տղաներին ոգեշնչելու համար:

Նույնը, ինչ բոլոր խաղերին: Մենք խաղալու ենք հաղթանակի համար, սեփական հարկի տակ, փորձելու ենք ձգտել հաղթանակի: Իհարկե, մեզ մոտ մի փոքր հիասթափություն կա, իսկ իրենք Լեհաստանի դեմ տարած հաղթանակից հետո հոգեբանորեն ավելի լավ վիճակում են գալու, բայց ինչպես գիտեք, Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունեցել և ես վստահ եմ, որ վաղն էլ է այդպես լինելու:

-Մենք կենտրոնական պաշտպանի դիրքում խնդիր ունենք. Գոլերի մեծ մասը հենց այդ դիրքից է գալիս: Այդ դիրքում մենք առայժմ լուրջ մրցակցություն չունենք: Ինչպե՞ս ենք լուծելու այդ:

խնդիրը:

-Համաձայն եմ ձեզ հետ: Այս պահին լուծում չունեմ այդ հարցին, որ պատասխանեմ: Հուսամ՝ լավ երիտասարդ պատշպան կհայտնվի ու կկարողանա մեզ օգնել:

-Ռումինիայի խաղից հետո դուք նշեցիք, որ ունեք ձեր պատկերացումները մեր ազգային թիմի մասին: Կխնդրեմ կիսվել մեզ հետ՝ ինչպիսի՞նն եք տեսնում մեր հավաքականը երեք, վեց ամիս, գուցե մեկ տարի անց:

-Իմ պայմանագիրը մինչև հոկտեմբերի 15-ն է նախատեսված: Պարոն Հայրապետյանը ինձ ցանկանում էր երեք տարվա պայմանագիր առաջարկել, բայց ես չգիտեի, թե ոնց է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն մոտեցա հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ՀՖՖ նախագահի հետ այդ հարցը քննարկելու: Եթե ամեն ինչ լավ ստացվի՝ ես ևս երկու տարվա պայմանագիր կկնքեմ և թիմին կպատրաստեմ հաջորդ նախընտրական փուլին:

-Ձեր՝ հավաքականը գլխավորելուց հետո երկրպագուները անընդատ ձեզ հետ են, գալիս են արտագնա հանդիպումներին: Ի՞նչ կոչ կանեք երկրպագուներին առաջիկա հանդիպումից առաջ:

Գան մարզադաշտ և դրական լիցքեր հաղորդեն թիմին: Մենք միշտ տեսնում և զգում ենք նրանց աջակցությունը, դա շատ հաճելի է, և մենք կցանկանայինք, որ վաղը լեցուն տրիբունաներ մեզ աջակցեին:

-Դուք նշեցիք, որ այն ֆուտբոլիստը, որը չի ցանկանում խաղալ հավաքականի կազմում, այլևս տեղ չունի թիմում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Անատոլի Այվազովը այլևսչի խաղալու մեր հավաքականում:

-Իհարկե ոչ: Ես մարզիչ եմ և աշխատելու եմ այն ֆուտբոլիստների հետ, ովքեր տվյալ պահին պատրաստ են խաղալ հավաքականում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ նվիրվածության առումով: Ես մարզիչ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություններ անել:

 

Նյութի աղբյուրը ՀՖՖ պաշտոնական կայք