Ակումբային Հայաստան

Նորություններ Գևորգ Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ

Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի պաշտոնական կայքին, և պատմել է, թե ինչպես է վերականգնվում վնասվածքից, ինչպես նաև խոսել է հավաքականի վերջին ելույթների մասին:
“Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական մարզումներ և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ: Դիտել եմ հավաքականի հանդիպումները, և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը,- նշել է Ղազարյանը:”